Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վարչապետի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները:
Վարչապետն իր խոսքում կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:
Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ղարաբաղի հարցն առաջնահերթ է Հայաստանի անվտանգության համատեքստում, և կոչ արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին` աշխատել հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակի շուրջ, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:
Վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայի հայերի խնդրին և Սիրիայում վերջին շրջանում ընթացող իրադարձություններին: Մանավորապես նշել է, որ անհանգստացնող է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք, և հավելել, որ Սիրիա է ուղարկվել մարդասիրական առաքելություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






