Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսական ԶԼՄ-ների ներկայցուցիչների հետ:
«Ռոսիյսկայա գազետա»- ի թղթակիցը ՀՀ վարչապետին հարց ուղղեց բիոլաբորատորիաների վերաբերյալ՝ մասնավորապես լրագրողը նշեց, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական լաբորատորիաներում ռուս մասնագետների մուտքի մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև հուշագրի ստորագրումը հետաձգվել է և հարցրեց, թե ինչն է խանգարում այս փաստաթղթի ստորագրմանը, և միգուցե արդեն հայտնի է, թե երբ կստորագրվի փաստաթուղթը:
Ի պատասխան հարցի՝ ՀՀ վարչապետը նշել է, որ նախևառաջ, այդ լաբորատորիաները չեն ֆինանսավորվում Միացյալ Նահանգների կողմից: Դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
«Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Ամերիկացիներն այնտեղ ազատ մուտք չունեն, և այժմ, այս պահի դրությամբ, նրանք կարող են գնալ այնտեղ այնքան և նույն ճանապարհով, ինչպես կարող են գնալ Ռուսաստանի ներկայացուցիչները: Երբեմն ռուսական մամուլում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիները, երբ ցանկանան, կգան, երբ ցանկանան, կգնան: Դա այդպես չէ: Եվ ոչ միայն ամերիկացիները, այլև ոչ ոք, բացի Հայաստանի Հանրապետության այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են այս լաբորատորիաներում, իրավունք չունեն այնտեղ լինել, քանի որ դրանք բավական վտանգավոր օբյեկտներ են»,-ասել է վարչապետը:
Վարչապետը նշեց, որ եղել է համաձայնագրի նախագիծ, բայց ինչքանով ինքը տեղյակ է Հայաստանը պատրաստ էր ստորագրել, բայց ինչ-ինչ պատճառներով ռուս գործընկերները որոշել են չստորագրել այն:
«Նրանք առաջարկել են լրամշակել այդ փաստաթուղթը, և մենք համաձայնել ենք: Մենք միասին կաշխատենք այս փաստաթղթի շուրջ: Երբ երկու կողմերը պատրաստ լինեն ստորագրելու, այդ ժամանակ մենք կստորագրենք»,- ավելացրել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






