ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է այն հսկայական դերը, որ ունեցել է և ունի Մխիթարյան միաբանությունը հայի ինքնության ձևավորման և պահպանման գործում:
Փաշինյանը մասնավորապես ասել է. «Հաճախ որոշակի պսպղան կարգախոսների ներքո, մենք վնասում ենք մեր ինքնությանը, կորցնում ենք մեր հետագիծը,և մեր կառավարության առաքելություններից մեկը հենց սա է, որ մենք մեր անցյալի հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք ամբողջության մեջ, որովհետև թերի ճանաչելը նշանակում է թերագնահատել այն ներուժը, որ մենք ունենք՝ որպես ժողովուրդ»:
Անդրադառնալով ազգային օրակարգին՝ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ նախկինում ազգային օրակարգի շղարշի ներքո Հայաստանում հաստատվել են կոռուպցիոն կարգեր, եղել են մենաշնորհներ ու կոռուպցիայից հարստացումներ, կուսակցական համակարգեր դպրոցներում և այլն։
Այս ամենի հետևանքով, ըստ Փաշինյանի, Հայաստանում գրեթե չկան մրցունակ բուհեր և ֆակուլտետներ, առհասարակ մրցունակ կադրերի խնդիրներ կան։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կգտնվի Իտալիայի Հանրապետությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






