Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունը։
Արմեն Գրիգորյանը ելույթի սկզբում անդրադարձել է Ռուսաստանի Զինված ուժերի Ինժեներական զորքերի ներկայացուցչի զեկույցին, որը վերաբերում է Միջազգային հակաականային կենտրոնի գործունեության և մարդասիրական ականազերծման մասին ցուցադրված ֆիլմին՝ նշելով, որ օգտակար և ազնվական գործ են անում, նրանց շնորհիվ հազարավոր մարդիկ ողջ են մնում, առողջ ու անվտանգ:
Անդրադառնալով Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների գործունեությանը՝ Գրիգորյանը նշել է, որ 2019 թվականի փետրվարին Սիրիայում իր առաքելությունը սկսեց հայ մասնագետների խումբը, որի կազմի մեջ են մտնում ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք:
«Հայկական առաքելության գործունեությունն իրականացվում է ռուսական կողմի հետ համագործակցությամբ և նրա տեխնիկական աջակցությամբ: Ցանկանում եմ նաև կարճ անդրադառնալ այն պատճառներին, որոնցով առաջնորդվելով որոշեցինք մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:
Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է:
Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով, սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:
Երրորդ. Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է:
Անցած ժամանակահատվածում առաքելության աշխատանքի արդյունքում հայկական սակրավորները Սիրիայում ականազերծել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք՝ օգնելով տեղացիներին վերագտնել կյանքի խաղաղ, նորմալ ռիթմը: Հայկական մարդասիրական առաքելության բժիշկները նշված ժամանակահատվածում բժշկական օգնություն են ցուցաբերել հազարավոր սիրիացիների, իրականացրել են հարյուրավոր վիրաբուժական վիրահատություններ: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք մեր առաքելությունն անգամ մեկ մարդկային կյանք փրկելու դեպքում:
Այս տարվա հոկտեմբերի 14-ին հայկական մարդասիրական առաքելության մասնագետների հերթական խումբը մեկնեց Սիրիա՝ փոխարինելով այնտեղ գտնվող նախորդ խմբին, և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում հաջողությամբ շարունակվում է:
Անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված իրավիճակին՝ Գրիգորյանը նշել է, որ կարևորում է մասնագիտացված միջազգային հարթակներում ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի համախմբման գործընթացը։
«Աֆղանստանից բխող անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկը թմրավաճառությունն է, որը վերածվել է համաշխարհային խնդրի»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
Արմեն Գևորգյանը նշել է, որ Հայաստանը 2010 թվականից սկսած խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում:
«Մենք նաև աշխատանքներ ենք իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության հաստատման ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, մասնավորապես՝ ՇՀԿ հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի ձևաչափում»,- ընդգծել է Արմեն Գևորգյանը։
Ամփոփելով իր խոսքը ՝ Արմեն Գևորգյանը նշել է․
«Ուզում եմ նաև հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական: Այսինքն՝ այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, բարեկեցիկ երկիր ենք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






