Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական Ֆեյսբուքյան կայքէջից:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:
Ֆաբրիցիո Սալան ողջունեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ Լոմբարդիա նահանգը շատ ակտիվ է արտաքին հարցերում և պարբերաբար ընդլայնում է գործընկերների ցանկը: Փոխնահանգապետը նահանգապետի անունինց ևս ողջունեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ այս պահին Լոմբարդիայի նահանգապետը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում և կվերադառնա միայն կիրակի օրը:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է , որ Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են տեղափոխվում և դա առաջին հեթին տնտեսական առումով:
«Լոմբարդիա նահանգի հետ, կարծում եմ, գործակցության մեծ ներուժ կա, հատկապես բիզնես շրջանակում: Նախորդ տարի, երբ «Ռայնէյր» ավիաընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու համար, որոշվեց այդ գործընթացը սկսել Հռոմից և Միլանից: Անկեղծ ասած՝ ինձ համար անակնկալ էր, և ես ուզում էի հասկանալ այդ որոշման պատճառը: Հասկացա, որ առկա է տնտեսական դինամիկա, որը ավիաընկերությանը մղեց դեպի այս ուղղություններ»:
Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանում իտալական մասնակցությամբ երեք բավական լուրջ տնտեսական նախագծեր են սկսել՝ հավելելով , որ գալիս է այն եզրակացության, որ երբ ապահովվում են քաղաքական պայմաններ, բիզնեսը շատ արագ արձագանքում է:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել է Միլան, հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումների շարքը նաև Հռոմում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






