Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության աշխատողներին

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության աշխատողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

«Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են:

Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով Գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին:

«Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել:

Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով:

Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+