Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի շրջանակներում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար» կրծքանշանով:
ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 11 որոշումներ, իսկ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 25 որոշումներ:
Նիստերի շրջանակներում որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ՝ 71-րդ նիստը, անցկացնել Հայաստանում 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: