ՀՀ Կառավարությունում այսօր՝ նոյեմբերի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքի ու առկա խնդիրների թեմայով խորհրդակցություն: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը, սննդի մատակարարման նոր կարգում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլ պատասխանատուներ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման քննարկումների հաճախակի կազմակերպումը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ զորամասերում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման կարևորությամբ՝ միաժամանակ նշելով, որ այսպիսի մասշտաբային բարեփոխումները նաև շատ լուրջ և զգույշ ուղեկցման կարիք ունեն, որպեսզի մենք հընթացս մեր մատը զարկերակի վրա պահենք և փոփոխություններին տիրապետենք:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում:
«Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի գործընթացում ներկայումս ներգրավված են մասնավոր 4 կազմակերպություններ, որոնց թիվը հաջորդ տարի շարունակելու է ավելանալ»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը։
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք և անդրադարձել պիլոտային ծրագրի ընթացքին, մատուցվող ծառայությունների հետ կապված առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին և հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացի թափանցիկ կազմակերպումը և որակյալ սննդի մատակարարումը Զինված ուժերին՝ ընդգծելով, որ պետք է բացառել որևէ չարաշահում. դրանց առկայության դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






