Սիրիան մեզ համար երկիր է, որին պետք է օգնել։ Սիրիային օգնություն ցուցաբերելը նախևառաջ հումանիտար օգնության հարց է: Տարվա սկզբին մեր երկիրը հատուկ առաքելություն ուղարկեց այնտեղ՝ բուժանձնակազմ, քաղաքացիական ականազերծողներ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ, ապա Հայաստանից Սիրիա ընկած հեռավորությունը մեքենայով կես օրվա ճանապարհ կլիներ:
Անդրադառնալով սիրիական պատերազմի սկզբից Հայաստանում ապաստանած հայերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ Հայաստանում ապաստանել է շուրջ 20000 սիրիահայեր։
«Բնակչության թվաքանակի հետ հարաբերակցությունը հաշվի առնելով՝ ընդունած փախստականների թվով մենք 3-րդ տեղում ենք: Մենք երեք միլիոն բնակիչ ունենք: Սիրիացի փախստականներին օգնության ձեռք մեկնելը մեզ համար բարոյական առաքելության նման բան է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Իտալացի լրագրողի այն հարցին՝ ինչու՞ է սիրիացիներին օգնելը հայերի համար բարոյական առաքելության նման բան համարվում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օսմանյան կայսրության ժամանակաշրջանում սիրիացի ժողովուրդը բազմաթիվ հայերի է փրկել կայսրության ռազմական ուժերից:
«Այդ պատճառով այժմ, երբ սիրիացիները տառապում են, մենք չենք կարող մի կողմ քաշվել: Ուրախ եմ, որ կարող ենք մեր բարոյական պարտքը հատուցել: Մեր բժշկական անձնակազմը բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ է իրականացրել: Սիրիացի շատ կանայք և երեխաներ են բուժվել հայ բժիշկների կողմից: Ականազերծողների կողմից սիրիացի երեխաների համար տարածքներ են ազատվել, որտեղ նրանք կարող են ապահով խաղալ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է մտահոգում, երբ նայում ենք դեպի Սիրիա՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ մտահոգում է թուրքական ներխուժումը։
«Գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այսօր Սիրիայում գտնվող թուրքական ուժերը հետ տարվեն թուրքական տարածք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






