Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակության հանդիպումը, որը գլխավորում էր ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին, նշել է, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են երկու եղբայր ժողովուրդների վստահելի հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական սահմանի ռեժիմի պահպանությանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը և տարածաշրջանային ներկա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Թեյմուրազ Կեկելիձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այս հանդիպումը ևս մեկ քայլ է երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացման և խորացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է Թեյմուրազ Կեկելիձեին՝ «Սահմանային համագործակցության համար» մեդալով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցչությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






