2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունները մոտենում են ավարտին, և արդեն երևում է կծիկի ծայրը, սակայն դեռևս վաղ է կոնկրետ հայտարարություններ անել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը նշել է, որ ունեն մեծ թվով հավաքած տեղեկություններ, և առաջիկայում պատրաստ կլինեն հրապարակել դրանք՝ միաժամանակ նշելով, որ հանձնաժողովի ձեռք բերած տեղեկություններից վախենալ պետք չէ, հակառակը. դրանք միտված են հայկական բանակի հետագա հզորացմանը և բացթողումները վերացնելուն:
Աժ պատգամավորը նաև նշել է, որ Ապրիլյան դեպքերի ամբողջական բացահայտում չի լինելու առանց Սերժ Սարգսյանին լսելու:
«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է: Մամուլին հետևելով ինքներդ էլ տեսնում եք, որ կան անհանգստություններ, որ այսպես թե այնպես հրավիրվելու են և պետք է պատրաստ լինեն գալու: Չգալն էլ իրենց իրավունքն է, ոչ մեկին հանձնաժողովը իրավունք չունի պարտադրելու: Բայց այս պահի դրությամբ որևէ զինվորական չի մերժել: Չգալը շատ լուրջ քաղաքական պատասխանատվություն է լինելու»,-ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






