Ռուսաստանը ողջունում Է Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղևորությունները, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները:Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Զախարովան հիշեցրել Է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսաստանցի իրենց պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնել են քաղաքական աշխատանք սկսել մի շարք հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ ուղևորությունները:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել հայաստանցի, արցախցի և ադրբեջանցի լրագրողների փոխայցեր՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոորդինացնող դերակատարությամբ։
«Մենք այդ համատեղ միջոցառումը դիտում ենք որպես հայերի և ադրբեջանցիների միջև շփումների հաստատմանը նպաստելու կողմերի մտադրությունների դրսևորում: Գտնում ենք, որ այդօրինակ հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, հարկավոր Է շարունակել, և մենք, անտարակույս, կպաշտպանենք դրանք»,- ընդգծել է Մարիա Զախարովան։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման գործում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






