Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նամակում մասնավորապես ասված է.
«Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անունից ցանկանում եմ հրավիրել Ձեզ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը, որը տեղի կունենա Դավոսում՝ 2020 թվականի հունվարի 21-24-ը»։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը և Կլաուս Շվաբը նշում է, որ ֆորումը ակնկալում է լսել Արմեն Սարգսյանի տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության վերաբերյալ:
Նշենք, որ դեռևս այս տարվա հոկտեմբերի 7-ին Ժնևում Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Կլաուս Շվաբն ասել էր, որ հետաքրքրված են ապագայի, գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն Դավոսի ֆորումի շրջանակում լսել նրա տեսակետները նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային համակարգերի, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






