Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը։
Ողջունելով պարոն Մորանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հանդիպումը լավ հնարավորություն համարելով երկկողմ օրակարգը քննարկելու համար:
Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Փոխվարչապետը Դեյվիդ Մորանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններն ու անդրադարձել Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ-ի շուկա մուտք գործելու հարթակ հանդիսանալու գաղափարին: «Բրիտանական դասական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի»,-ասել է Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում յուրաքանչյուր ուղղությամբ Միացյալ Թագավորության ծրագրերի իրականացումը անգնահատելի ներդրում է երկրի զարգացման գործում:
Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել կառուցողական հունով համագործակցելու և զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






