ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց:
Նախագիծն ընդունվեց 108 կողմ և 1 դեմ ձայներով: Այս օրենքով առաջարկվում է օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, ազատել օդի տուրքից: Նոր ավիաընկերությունների համար արտոնությունների ժամկետը նախատեսվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:
«Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ»,- նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Այս արտոնությունը կնպաստի, որ Հայաստանի օդային շուկան լրացվի նոր ավիաընկերություններով ու թռիչքային ուղղություններով, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի մատչելի ձևով կապել այլ երկրների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







