ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկնոջը` Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ։ Այս մասին նա հայտնել է «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն եվ անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ։
«Օրեր առաջ Ալիևան Twitter–ում գրառում էր արել ու նշել, որ իր երազանքն է Ղարաբաղում թեյ խմել ու մուղամ լսել։ Ես նրան հրավիրում եմ Արցախ։ Ու, քանի որ արցախցիները գիտեն ինչպես հյուրին պատվել, մենք կարող ենք նաև նրա սիրած երաժշտությունն ապահովել և մուղամ միացնել»,–ասել է Հակոբյանը։
ՀՀ վարչապետի տիկինը կարծում է, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ եվ շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում: Եթե Ալիևան ընդունի հրավերը, ապա կարող է Արցախ այցելել, բայց, եթե Ալիևան նկատի ունի, որ պատերազմի միջոցով է ուզում հասնել Արցախ, ապա նրա երազանքն անկատար է մնալու։
«Եթե պատերազմ սկսվի, հավանաբար նորանոր տարածքներ կհայտնվեն, որտեղ մուղամ լսելը նրանց համար անկատար երազանք կդառնա։ Ալիևայի երազանքն ի կատար ածվելու միայն մեկ ճանապարհ կա` խաղաղ ճանապարհը, որպես հյուր խաղաղ այցերը։ Այսինքն` ինչպես Ալիևան կուզեր հյուր լինել Արցախում, այնպես էլ Արցախի ժողովուրդը կուզենա լինել Բաքվում»,–ընդգծել է Հակոբյանը։
ՀՀ վարչապետի տիկնոջ խոսքով՝ աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են:
«Եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,-եզրափակել է Աննա Հակոբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






