ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, սակայն 17 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց։
«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս որոշմանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իր ղեկավարած խմբակցությունը ողջունում է հարցապնդումների ինստիտուտը կիրառելու նախաձեռնությունը, ակտիվորեն մասնակցել են, և եկել է այն եզրակացության, որ պարոն Գրիգորյանի հրաժարականը պահանջելու հիմք չկա, ուստի մենք քվեարկելու ենք դեմ։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Շրջակա միջավայրի նախարարության վերաբերյալ հարցապնդում էր ներկայացրել, իսկ դեկտեմբերի 5-ի խորհրդարանի նիստում խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն առաջարկեց նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշել է, որ էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական, կարևոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը՝ ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա, բնական միջավայր:
«Կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ միայն ոչ մեկը չի արվում, այլև կարելի է ասել, հաճախ արվում է ուղիղ հակառակը: Ասում եք՝ կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը: Ձեր ամբողջ պատասխանի մեջ տպավորություն է, որ կառավարությունը չի պատկերացնում բնապահպանական խնդիրները, և դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»,- ասաց Մանե Թանդիլյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






