Չեմ կարծում, որ Բրատիսլավայի բանակցություններում որևէ առաջընթաց է գրանցվել, քանի որ դրա նախադրյալները չկան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ։
Ինչ վերաբերում է այն պայմանավորվածությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա արդեն հաջորդ տարվա սկզբին, ապա, ըստ Մարուքյանի, դա դեռ չի վկայում այն մասին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
«Նախարարները կհանդիպեն տարեսկզբին, հետո գուցե մարտին, հետո՝ մայիսին և այլն: Մենք միշտ ասել ենք, որ ավելի լավ է հանդիպել, քան իրար վրա կրակելը», — ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






