Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 100 կողմ և 2 ձեռնպահ ձայներով ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի հեղինակը Վարազդատ Կարապետյանն է։
Ըստ նախագծի՝ առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
Ներկայում համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին՝ շեշտելով, որ Սևանա լիճը չպետք է դիտարկել միայն որպես ջրի պաշար:
Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքի նախագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, ապա կկարողանա նշված քանակից ավելի ջրառ կատարել Սևանա լճից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







