Դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ նախարարների 26-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած տարվա ընթացքում արդյունավետ համագործակցություն է ծավալվել Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման և կազմակերպության նպատակներին հասնելու ուղղությամբ:
Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ առնչությամբ դրական գնահատելով Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը:
Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձան նաև հայ-սլովակյան օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






