Վերջին երեք օրը սահմանին լարվածություն չկա, կրակոցները զարմանալիորեն նվազել են:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովից հետո:
«Այս պահին սահմանին իրավիճակը շատ ավելի հանգիստ է, քան նախկինում, կրակոցները զարմանալիորեն նվազել են: Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը համարժեք պատասխան է ստանում: Հաճախ լինում են նաև անկանոն կրակոցներ՝ ելնելով եղանակային պայմաններից: Մառախուղի ժամանակ երբեմն ինչ-որ բան են նկատում, չեն հասկանում ինչ է, չեն կողմնորոշվում և կրակ են արձակում, սակայն դա ուղղված չէ որևէ մեկի դեմ»,- նշեց Բալայանը:
Նրա խոսքով՝ սահմանին ամեն ինչ գտնվում է օպերատիվ վերահսկողության տակ, և լայնածավալ կամ պաշտպանողական հարձակման նախանշաններ այս պահին չկան:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը, անդրադառնալով պաշտպանական ոլորտում առկա կոռուպցիոն սխեմաներին, ընդգծել է, որ նոր սննդակարգի, հագուստի նոր որակի և այլ գործոնների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը պակասում են։
Նա ընդգծեց, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի հիմնական մարտահրավերը եղել է գնումների ոլորտը և վստահեցրեց, որ այսօր բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ է համակարգում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






