Այսօր՝ դեկտեմբերի 11-ին «Հայացք» ակումբում տեղի ունեցավ Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ Հարությունյանը անդրադարձել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին, հակամարտության կարգավորման հեռանկարներին։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, Հարությունյանը նշեց․ «Բանակցային գործընթաց որպես այդպիսին չկա և, ընդհանուր առմամբ, չի էլ եղել վերջին 10-15 տարիների ընթացքում, չնայած հանդիպումներ եղել են, բայց դրանք չի կարելի համարել բանակցություն, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը և չի մասնակցում։ Ես բազմիցս ասել եմ, որ չեն կարող լինել բանակցություններ առանց Արցախի, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հանդիպումների ընթացքում ուղղակի որոշ փաստաթղթեր են քննարկել»:
«Այսօր ևս չկա բանակցային գործընթաց, այսօր ուղղակի խստացել և կոշտացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում են Հայաստանի իշխանությունները»,- ընդգծեց Հարությունյանը։
Armenia Today-ի թղթակցի այն հարցին, թե նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ թիվը ինչի նշան է ՝ ժողովրդավարության թե՞ մասնատվածության, Հարությունյանը պատասխանեց․ «Միանշանակ Արցախում մասնատվածություն չկա, բոլոր թեկնածունները միմյանց հետ ունեն շատ ջերմ հարաբերություններ։ Դա միայն ու միայն ժողովրդավարության նշան է, անց են կացվելու մրցակցային ընտրություններ և Արցախը շարունակելու է լինել միասնական, այնպես, ինչպես միշտ է եղել»։
Արայիկ Հարությունյանը շեշտեց նաև, որ բոլոր թեկնածուներն ունեն Արցախի՝ այս կարճ ժամանակահատվածում, պետականաշինության պատվավոր գործում մեծ ավանդ և ով էլ որ ընտրվի ինքն իր աջակցությունը կհայտնի, անկախ նրանից, կլինի իշխանության թե կառուցողական ընդդիմության անդամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






