ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավորների աշխատանքի հետ կապված վերապահումներ ունի, սակայն դատավորների՝ վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման նախագծին դեմ է քվեարկել, քանի որ պայքարում է ոչ թե անձերի համար, այլ հանուն սահմանադրականության:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասացին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ անվիճելի ապացույցը, որ իրենք Հրայր Թովմասյանի պաշտպանությունը չենք իրականացնում այն է, որ ժամանակին Թովմասյանի թեկնածությանը դեմ են քվեարկել:
«Մենք ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում: Մենք անձերի համար չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն սահմանադրականության։ Չենք ուզում ՍԴ-ն տեսնել քաղաքական ֆուտբոլի գնդակի կարգավիճակում»,-ասել է Գևորգ Պետրոսյանը:
Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի այլ անդամներ, որևէ կերպ չեն հանդիսանում իրենց կուռքը:
«Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է կո՞ղմ քվեարկեր այն նախագծին, որով նրանց` իրենց օրենքով սահմանված գործառույթները չիրականացնելու համար շուրջ 630 մլն դրամ է հատկացվելու ու պատվավոր թոշակի ուղարկվելու: Այստեղ խնդիրներ ու սկզբունքների անհամապատասխանություններ կան: Մենք վերապահում ունենք ՍԴ-ի անդամների աշխատանքի հետ կապված և դրանց մասին ըստ նպատակահարմարության մշտապես խոսել ու բարձրաձայնել ենք»,-ասաց Իվետա Տոնոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






