Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբրի 12-ին, տեղի ունեցած Կառավարության նիստում հայտարարաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, քանի որ Հայաստանի ժողովուրդն ինձ ձայն է տվել,որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա»,- հայտարարել է Փաշինյանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ Հայաստանի տնտեսական աճի, տնտեսության ընթացիկ վիճակի մասին մեր երկրում հնարավոր չէ նորմալ տեղեկատվություն ստանալ, քանի որ պետական ապարատում չունենք նման պոտենցիալ, այլ ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով։
«Աշխատում ենք քաղաքական շեշտադրումներ անելով, պետական համակարգին բրթելով՝ գնացեք այս խնդիրը լուծեք․ սա է այս պահին աշխատելու միակ ուղին»,-նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի համոզմամբ՝ այս պահին պետական ապարատում չունենք ռազմավարություններ մշակելու պոտենցիալ, ոչ էլ հնարավորություն ուրիշ պետական կառավարման համակարգ ստեղծելու։
«Եկեք հայտարարենք թափուր աշխատատեղերի մրցույթ, տեսնենք քանի հոգի կարձագանքի, քանիսը կունենա անհրաժեշտ մասնագիտական հմտություն ու գիտելիք. չի ունենա»,- վստահեցրեց վարչապետը, հավելելով, որ խնդիրը դպրոցների ուսուցման մեթոդների մեջ է։
ՀՀ վարչապետի համոզմամբ՝ պետք է ոչ թե երեխաներին սովորեցնել բանաստեղծություններ անգիր անել ու մեղադրել կառավարությանը հայոց լեզվի և գրականության ուսուցումը համալսարաններում ոչ պարտադիր դարձնելու մեջ, այլ դպրոցական տարիներից տվյալ առարկաները սովորեցնել այնքան, ինչքան պետք է երեխաներին կյանքում՝ հայ զգալու համար, ինքնությունը պահելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






