Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել: Այս մասին դեկտեմբերի 13-ին «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Թավշյա, ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունից հետո առկա է փոխգործակցության լայն և արդյունավետ շրջանակ: Այն արտահայտվում է ինչպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցությամբ»,-նշել է Կարապետյանը, ընդգծելով, որ միայն 2019 թ. ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են 4 անգամ, նույնքան հանդիպում է տեղի ունեցել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի՝ կողմերը սովորաբար հաճախակի հանդիպում են այն ժամանակ, երբ համագործակցելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կա:
Կարապետյանը նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի ընթացքում նույնպես սպասվում են շփումներ ռուս գործընկերների հետ:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո մամուլի ազատությանը, Կարապետյանն ընդգծեց, որ այն կարողանում է ազատ գործունեություն ծավալել:
«Ասվածն իր արտահայտությունն է գտել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակներում, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Մասնավորապես, խոսքը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականի մասին է, ըստ որի՝ 2018 թ. Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Հայաստանը նաև 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով՝ բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատությանը: Սակայն կան ինչպես հաջողություններ, այնպես էլ բազմաթիվ մարտահրավերներ: Հեղափոխությունից հետո ընդդիմության, այդ թվում՝ նախորդ իշխանության վերահսկողության տակ է շարունակում մնալ լրատվամիջոցների գերակշիռ մասը: Մարտահրավերներից առավելը շարունակում է մնալ ֆեյքնյուզի տարածումը: Վստահ եմ՝ Երևանում տեղի ունեցող այս միջոցառումը կնպաստի մեր երկու պետությունների փոխգործակցության սերտացմանն ու տեղեկատվության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված փորձի փոխանակմանը»,- եզրափակեց Կարապետյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






