Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան` ի շահ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության ժողովուրդների»,-մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






