ԱՄՆ Սենատի կողմից միաձայն որոշում կայացվեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ։ Այս բանաձևի ընդունումը իրապես վճռորոշ քայլ է արդարության, ճշմարտության և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Դա նաև հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը, ավելին՝ էական նշանակություն ունի Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում։ Ցավոք ցեղասպան գործողությունները և միտումները չեն մնացել պատմության էջերում, և այսօր հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները բախվում են ինքնության հողի հիման վրա իրականացվող բռնությունների, այս տեսակետից որոշումը ոչ միայն ոգևորող է այլև՝ այժմեական»,- ընդգծել է Նաղդալյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ ի դեմս սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Կրուզի, ամերիակահայ համայնքին ու կազմակերպություններին, ովքեր պայքար են մղել Ցեղասպանության ճանաչման օրակարգի առաջ մղման ուղղությամբ։
Ըստ Նաղդալյանի՝ հատկանշական է, որ որոշումը կայացվել է դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին օրվան ընդառաջ։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ դեկտեմբերի 9-ի հիշատակումը ևս կանխարգելման յուրահատուկ ձև է, ազդակ նախկինում արված բացթողումների և խթան նոր միջոցառումների ձեռնարկման համար»,-ընդգծել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






