ՀՀ դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ է։ Վերջին անգամ Բրատիսլավայում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթի ժամանակ նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Ինքնորոշման իրավունք, որը պետք է իրացվի առանց սահմանափակման ու հարկադրման։ Առանց սահմանափակման ասելով՝ մենք հասկանում ենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ, այն է՝ Արցախի ժողովուրդը իրավունք ունի պահպանել ու սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»,-նշել է Աննա Նաղդալյանը։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար։
Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը հստակ մոտեցումները չի սահմանում Արցախի անվտանգության մասով, Աննա Նաղդալյանը նշել է, որ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։
«Ադրբեջանը 30 տարուց ավել իրականացրած հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Չի կարող լինել իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,-ընդգծել է նա։
Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ Ադրբեջանի նախագահը հասկանում է Արցախի անվտանգության մասին ՀՀ ընկալումները, իսկ հրապարակավ հայտարարությունները պատրվակ են՝ արդարացնելու առավելապաշտական դիրքորոշումներն այս հարցում։
«Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքների լեզուն չի գործում։Իսկ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հիմնական պատճառը Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունն է»,-ընդգծել է Աննա Նաղդալյանը, հավելելով, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...