ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ուղերձի մեջ մասնավորապես ասվում է․
«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ձեզ եմ հղում ամենաանկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ ընտրություններում վստահ հաղթանակի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ»։
Ուղերձում վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցը՝ հավելելով, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և օրենքի գերակայության հաստատման նպատակով իրականացվող բարեփոխումները նոր հորիզոններ են բացում հայ-բրիտանական համագործակցության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






