Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարկայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ Արմեն Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ չվերթների իրականացման ուղղություն դիտարկելու հնարավորությունը։
«Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդների, ինչպես նաև նախագահ Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ բարեկամական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծում հետագա գործակցության համար։
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև ընկերության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






