Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի Նիդերլանդների համար։ Այս մասին ասված է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հոդվածում՝ Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորման հատվածում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,- ասված է Նիդեռլանդների ԱԳՆ հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






