«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։ Նշենք, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։ Երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր ԱԳ նախարարությանը՝ խնդրելով կազմակերպել պատվիրակության հանդիպումներն ԱԺ նախագահի եւ երեք խմբակցությունների ներկայացուցիչների ու կին պատգամավորների հետ։ ԱԳՆ-ն էլ այդ գրությունն ուղարկել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով հանդիպումների վերաբերյալ հայտնել ՀՀում ԱՄՆ դեսպանությանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որն այժմ զբաղեցնում է վարչապետի օգնականի պաշտոնը: Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ գրել էինք, որ ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Մանդատներից զրկելու առաջարկը միանշանակ չի ընդունվել։ Ասել են՝ միջազգային կառույցների կողմից դա լավ չի ընկալվի, սակայն մեծամասնությունը կողմ է եղել պաշտոններից զրկելուն․ խոսքը հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին է: ՔՊ-ականներն իրենց այդ քայլը կներկայացնեն իբրեւ բյուջեի տնտեսում եւ կշեշտեն, թե հերիք չէ՝ աշխատանքի չեն գալիս, դեռ մի բան էլ ի պաշտոնե շարքային պատգամավորներից բարձր են վարձատրվում, օգտվում ծառայողական ավտոմեքենաներից: Երեկ իշխող խմբակցության ղեկավարը հաստատել է այս լուրերը: Եվ չնայած 2 խմբակցությունները 3 հանձնաժողով են ղեկավարում, ՔՊ-ականների թիրախում հատկապես Վահե Հակոբյանն է՝ տնտեսական հանձնաժողովի նախագահը, եւ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ում «սվոյ» են համարում, «բացի այդ՝ նա շարժման օրերին խորհրդարան էր գալիս, նիստեր անում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երեւանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային: Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Երեւանի քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որեւէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել եւ պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի: Բացի այդ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը չեն բարեհաճել բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը: Բնակիչներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, թե ինչպես է իմացել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ թաքուն հանդիպման մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիմոնյանը վախեցել է բնակիչների հետ հանդիպել, քանի որ ասել են՝ իրեն Կոնդից կվռնդեն, չմտնի այդ թաղամաս»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կամոք փոխվարչապետի աթոռին նստող Համբարձում Մաթեւոսյանը հունիսի 9-ին որոշել է (9 հունիսի 2022, որոշում 403-Ա) բարեգործական որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա մագիստրոսական կրթություն» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Աննա Հակոբյանը հավակնոտ նպատակ է սահմանել. Հայաստանում ձեւավորել քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ եւ Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







