Հայաստանի Արտգործնախարարությունը մեկնաբանություն է տարածել լրագրողների հետ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած փակ ձևաչափով հանդիպման վերաբերյալ, որը նվիրված է եղել Ղարաբաղյան հակամարտությանը:
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Aysor.am-ին հայտնել է, որ Արտգործնախարարությունում արդեն իսկ տասնամյակներ գործում է արտաքին քաղաքական տարբեր թեմաների շուրջ փակ հանդիպումներ անցկացնելու մշակույթ՝ խորհրդարանական հարթակի անդամների, հայաստանյան և օտարերկրյա փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, ԶԼՄ խմբագիրների և լրագրողների հետ:
«Այդ հանդիպումներն անցկացվում են «չաթըմ հաուզ» կանոններով, որոնց ժամանակ ԱԳ նախարարի կողմից պատասխանվում են արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ հրապարակմանը ոչ ենթակա առավել բաց ձևաչափով: Սա ենթադրում է, որ առավել հանգամանալից և փորձագիտական մակարդակով պարզաբանվում են արտաքին քաղաքականության արդեն իսկ արտահայտված դիրքորոշումները»,-ասել է Աննա Նաղդալյանը:
Ինչպես նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, նման հանդիպումների առաջարկները դիտարկվում են առանց որևէ խտրականության, և ԱԳՆ-ն բաց է համագործակցության շահագրգիռ շրջանակների հետ: «Այս տեսակետից տարակուսելի է, որ այս հանդիպման փաստը հարուցել է որոշ շրջանակների արձագանքներ, այն պարագայում, որ այդ նույն շրջանակների ներկայացուցիչները արտաքին քաղաքականության վերաբերյալ բաց և փակ ձևաչափով իրենց հանդիպումները գերադասում են անցկացնել առանց ԱԳՆ մասնակցության»,-նշել է Աննա Նաղդալյանը` հավելելով, որ ԱԳՆ-ն ստանում է բազմաթիվ հայտեր՝ անցկացնելու նման ձևաչափով հանդիպումներ, և հնարավորության դեպքում ապահովում է պատշաճ մասնակցություն
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...