Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ավագանին աշխատի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով Դավիթ Խաժակյանի Երևանի ավագանու անդամի մանդատը վայր դնելու հարցին՝ Մարուքյանը նշեց, որ կան իրավիճակներ, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա դրա համար պատասխանատվություն է կրում՝ հավելելով, որ այդ պատասխանատվությունը տարածվում է նաև ԼՀԿ-ի վրա:
«Փաստորեն, «Լուսավոր Հայաստանին» մեղադրում են կոնկրետ ոչ մեր անդամների գործունեության համար: Մենք ինչքա՞ն կարող ենք պարզաբանել, սա մեզ համար լուրջ խնդիր է: Մտածում ենք՝ գուցե չմասնակցենք, որ թիրախ չդառնանք»,-ասաց Մարուքյանը։
Հարցին, թե արդյոք նման մոտեցումը կապված է իշխանությունների կողմից հնարավոր ճնշումների հետ՝ ԼՀԿ նախագահը նշեց, որ Դավիթ Խաժակյանի գործունեությունը պատշաճ չի լուսաբանվել։
«Դավիթ Խաժակյանը կեղծիք է հայտնաբերել քաղաքապետարանի աշխատանքում, բայց դրա լուսաբանումը չկա. փոխարենը կա լուսաբանում քաղաքապետի ծիծաղի վերաբերյալ: Եթե ավագանու անդամը պաշտոնական կեղծիքը ծամած դնի դատախազության բերանը և դա չլուսաբանվի, ապա ավելի լավ է, մենք չմասնակցենք, դուրս գանք: Մեդիան ծածկում է սկանդալային ինչ-որ բաներ, բայց ոչ իրական գործունեությունը: Եթե մեր աշխատանքը կորչում է, մարդիկ դա չեն տեսնում, արդյոք պետք է, որ շարունակենք այդտեղ լինել: Եթե տեսնում ենք, որ խմբակցությունը չենք կարողանում բերել բովանդակային դաշտ, ավելի լավ է դուրս գանք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու որոշումը կարող է կայացնել կուսակցության կառավարման խորհուրդը և այդ մասին կհայտնեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






