Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը չի փոխվել։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր դիրքորոշումը հայտնել է դեռ անցած ապրիլին։ Այս մասին հայտում է BBC-ին՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսի հայտարարությանը։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել էBBC-ին հոդվածին՝ այն որակելով մանիպուլյատիվ։
Ամերիկագետը նշել է, որ Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել՝ ընդգծելով, որ նույնիսկ նյութում հղում չկա:
«Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում»,- նշել է Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
Սուրեն Սարգսյանն ընդգծել է, որ Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»՝ այդուհադերձ հավելելով, որ Ներկայացուցիչների պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
«Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր: Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»,- ասված է Սուրեն Սարգսյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած թիվ 150 բանաձևը։
Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում:
Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը
Հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 296 բանաձևը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






