ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ելույթ է ունեցել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին և նշել, որ ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթները առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու նրա անվտանգության շահերին:
«Ես բազմիցս եմ ասել, որ անվտանգությունը մեր երկրում համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք երկրի անվտանգությունը ապահովող մի քանի կառույց ունենք, որոնցից մեկը ԱԱԾ-ն է ու նախորդ 1,5 տարվա ընթացքում՝ որպես վարչապետ, կարող եմ արձանագրել, որ ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում:
«Երբ որ անվտանգությունը կա, դրա համար շնորհակալությունը ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետև համարվում է, որ պետք է լինի, իսկ երբ անվտանգությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ են առնում, բնականաբար, բոլորը հանում են թրերը և հարձակվում անվտանգությունն ապահովող մարմինների ուղղությամբ»,-ասել է վարչապետը:
«Ցավոք, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը բարդ է, պարբերաբար սրվում է, և մենք անվտանգության երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու, ընդ որում, կապված նաև միջազգային, տարածաշրջանային իրավիճակին հետ՝ սկսած ահաբեկչության մարտահրավերից, մեր սահմանների անվտանգության մարտահրավերից և այլն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամենավերջին տվյալով Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում է:
Վարչապետի խոսքով` որևէ մարմին չի կարող անթերի աշխատել` լինի պետական, թե մասնավոր.
«Ես, որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ-ն երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններիում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ԱԱԾ-ի միակ առաքելությունը` չլինել որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն, այն պետք է լինի ազգային ծառայություն՝ բոլոր իշխանությունների գործունեության ժամանակ:
«Մեր անվտանգությունն ամուր և հուսալի ձեռքերում է և այն պիտի շարունակվի ի շահ Հայաստանի ու Արցախի»,- ասել է ՀՀ վարչապետը։
ԱԱԾ-ի մի խումբ աշխատակիցներ այնուհետ պարգևատրվել են շնորհակալագրերով, մեդալներով ու պարգևներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






