Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը» թեմայով կլոր-սեղանի քննարկումը:
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ներկայացուցչությունը COP25-ում և Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների ընթացքի վերաբերյալ ակնկալվող գործողությունները։
Միջոցառման նպատակն է քննարկել Կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության հանձնառությունները և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, դրա նկատմամբ հարմարվողականության բարձրացմանը, ինչպես նաև ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն տնտեսության զարգացման խթանմանն ուղղված գործողությունները՝ օրենսդրության և քաղաքականությունների ներդաշնակեցման միջոցով, որպես Արևելյան գործընկերության երկիր և «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շահառու:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Մադրիդում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 25‐րդ համաժողովի (COP25) շրջանակներում դիտարկված թեմաներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






