Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, նշվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության մի շարք անդամներ, գեներալներ, սպաներ։
Հանդիսավոր միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Տոնոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 25 տարվա ընթացքում ստեղծվել է ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն վարժարանից մինչև ռազմական համալսարան:
«Հայաստանի Հանրապետությունը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր փուլերով անցնելու հնարավորություն: 25 տարվա մեջ հնարավոր չէր վարժարանից մինչև ռազմավարական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Մեր ռազմական համալսարանի ամբողջ հրամանատարական կազմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի պատրաստի հայ զինվորականի ոգուն հարիր ինտելեկտուալ զինծառայողներ, Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրատվությամբ օժտված զինծառայողներ»,- նշել է Տոնոյնանը։
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել համալսարանի բոլոր տնօրեններին, հրամանատարներին և հանդիպման ավարտին խրախուսական պարգևներ է հանձնել ծառայության ընթացքում հաջողություններ գրանցած զինծառայողներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






