Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիստին ներկա են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում նշել է, որ բարձր է գնահատում երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների սերտ համագործակցությունը:
Ըստ նախագահի, եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները շատ մեծ կարևորություն ունեն, ապա Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները, կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար։
«Այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեր բոլորի համար»,-ընդգծել է Սարգսյանը:
Նախագահը քաջալերել է այսպիսի համատեղ նիստերի հաճախակի անցկացումը՝ ելնելով մեր անվտանգության խնդիրներից։
«Մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում և չեն ավարտվում, իհարկե, ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ նաև արցախյան հիմնահարցի լուծման շրջանակում: Դրանք շատ ավելի լայն են։»,-նշել է նա։
Արմեն Սարգսյանը մաղթել է Արցախին արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք օրինակ կծառայեն բոլորի համար՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամներն են և նաև նույնիսկ նրանց համար, որոնք մեր երկու հանրապետությունների բարեկամները չեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






