Հայ–ռուսական հարաբերություններում զգուշավորության փուլն ավարտված է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ամփոփելով հանձնաժողովի կատարած աշխատանքները։
«Բոլորովին վերջերս մեր ռուս գործընկերներն այցելեցին Հայաստան, և այս առումով կարող ենք արձանագրել, որ սկզբնական զգուշավորության փուլը հայ–ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո լիովին ավարտված է»,- ասաց Ռուբինյանը։
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլ էլ ավելի են զարգացել և այդ փաստը, համատեղ նիստից հետո, արձանագրել է իր ռուս գործընկեր Կոնստանտին Կոսաչյովը։
ԱԺ պատգամավորը նաև նշեց, որ հարաբերությունները շարունակում են զարգանալ նաև եվրոպական ուղղությամբ։
«Այս համատեքստում կարևորվում է նաև Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի դիրքորոշումների ներկայացումը»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Խոսելով միջազգային պայմանագրերի վավերացման մասին՝ Ռուբեն Ռուբինյանը նաև նշեց, որ այս տարվա վերջին 6 ամսվա ընթացքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 9 միջազգային պայմանագրերի վավերացմանը, այդ թվում` ՀՀ–ի և Չինաստանի միջև վիզային ռեժիմի վերացման և Դանիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագրերին։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև Հայաստան–Սինգապուր բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






