Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն է հրավիրել։ Facebook-ի պաշտոնական էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ըստ հաղորդագրության` խորհրդակցությանը մասնակցել են նաև տարածաշրջանի երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները:
Խորհրդակցությունից հետո ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:
Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






