«Ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին իրանական պետության պաշտոնական ներկայացուցիչն էր և Իրաք էր գնացել տվյալ կողմի հրավերով»։ Այսօր Երևանում ԻԻՀ դեսպանատանը սգո մատյանի բացման արարողության ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ–ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։
««Այսօրվա «սգո» մատյանը բացված է Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր ռազմակիցները Իրաքում և Սիրիայում պայքարել են ահաբեկիչների դեմ: Նրանք իրենց անձնազոհությամբ հազարավոր կյանքեր են փրկել Իրաքում և Սիրիայում»,– ասել է իրանցի դիվանագետը՝ խոստանալով, որ իրանական կողմի պատասխանը լինելու է օրինական և ամերիկյան կողմը պատասխան է տալու իր գործողության համար։
ՀՀ–ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառումներ է կատարել նաև ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով, որ ՀՀ դիրքորոշումն այս հարցում միանշանակ է` երկու գործընկերներին կոչ ենք անում նստել բանակցություննների ու կանխել հետագա լարվածությունը։
Նշենք, որ սգո մատյանում գրառումներ կատարելու հնարավորություն կար այսօր մինչև ժամը 17։00-ը և վաղը ժամը 11.00-ից մինչև 13.00-ը։
Հիշեցնենք` հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացվել 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






