Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դիրքորոշումները, քայլերը պետք է բացարձակապես համաձայնեցված լինեն, քանի որ հարցը համահայկական նշանակություն ունի: Այս մասին Armenia today-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը՝ մեկնաբանելով վերջերս լարված ԱՄՆ-Իրան հարաբերությունները:
«Որևէ ինքնուրույն որոշում, առանձին տեսակետ տվյալ իրավիճակում պետք է բացառվի: ՀՀ և ԱՀ արտաքին գերատեսչությունների, երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև խորհրդակցությունների արդյունքում բոլոր քայլերը պետք է համաձայնեցվեն, հիմա դա է կարևորը»,- կարծում է քաղաքագետը:
Խոսելով հնարավոր զարգացումների մասին, Հրաչյա Արզումանյանը նշել է, որ իրադրության հետագա զարգացումներն անկանխատեսելի են: Նրա խոսքով՝ մի շարք երկրներ արդեն կոչ են արել իրավիճակը չտանել լարվածության, բայց հակամարտության բնույթն այս պահին բացառում է միանշանակ ձևակերպումները:
Հիշեցնենք, որ Իրանի շուրջ իրադրությունը կտրուկ սրվել Է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Թեհրանը Վաշինգտոնին խոստացել է կոշտ պատասխան տալ:
Իրանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել: Իրանը հունվարի 8-ին բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






