«Դիմադրություն» շարժումը Հայաստանի նորանկախ պետության մեջ բացառիկ գործընթաց էր, որ տեղի է ունեցել և վստահաբար շարունակվելու է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին՝ հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ 40 օր շարունակ 24-ժամյա ռեժիմով դուրս են եկել փողոց, ընդ որում՝ ունեցել են պիկեր՝ մինչև 40-50 000-ի հասնող հանրահավաքներ և երթեր, ունեցել են նվազումներ և ավելացումներ, սակայն այսօր էլ փաստվել է, որ շարժումը որևէ կերպ չի կարող կանգնել։
«Շարժումը բացառապես հայկական է՝ առանց որևէ երկրի աջակցության»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ այն, որ ողջ աշխարհը տեսնում է, որ հայ ժողովուրդն այս պարտության հետ որևէ կերպ չի համակերպվելու, պատրաստ չէ նոր զիջումների, փաստ է։
Ինչ վերաբերվում է ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե երկրում չկա քաղաքական ճգնաժամ, ապա Սաղաթելյանն ասաց, որ եթե նախորդ տարի այս օրերին, երբ նախընտրական քարոզարշավ էր տեղի ունենում, հայտարարեին, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում, իրենց իշխանության գալը լինելու է հայրենազրրկման գնով, ունենալու ենք այն զիջումները, որոնց մասին խոսում ենք, և դրանից հետո ստանալ մարդկանց վստահությունը և քվեն, կարող էին այսօր խոսել քաղաքական ճգնաժամ չլինելու մասին։
«Խնդիրն այն է, որ նրանք այլ բան են ասել մեր ժողովրդին։ Խոսել են Արցախի ինքնորոշման, դեօկուպացիայի մասին, այսօր եկել են նշաձողն իջեցնելու մասին»,- ասաց Սաղաթելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






