Այսօր՝ հունվարի 14-ին, տեղի ունեցավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Ի թիվս այլ հարցերի՝ նախարարը նաև անդրադարձել է ծննդատների, մայրական և նորածնային մահացության դեպքերին:
Արսեն Թորոսյանը, անդրադառնալով օրերս ամենաշատը քննարկվող որոշ ծննդատների փակման թեմային, նշել է, եթե մենք ուզում ենք մանկական և մայրական մահացության խնդրով լուրջ զբաղվել, ապա բանակցելու շատ բան չկա իրականում, որոշ ծննդատներ պիտի փակվեն:
«Ոչ պատշաճ ծննդատուն, որոշների դեպքում՝ կատաստրոֆիկ ոչ պատշաճ, որոշների դեպքում՝ թվային առումով ոչ այդքան պատշաճ ծառայություններ մատուցող հաստատություններ պահելով չէ, որ մենք պետք է ծնելիություն ավելացնենք, այլ հակառակը՝ պատշաճ, որակյալ, հասանելի, պետության կողմից երաշխավորված բուժօգնությամբ: Միանգամից նշեմ, որ այս տարի մենք մոտ 700 միլիոն դրամ ավել գումար ունենք հենց ծննդօգնության ծառայությունների մեջ դրված, որոնք ռեզերվ ենք պահել՝ ծնունդների ավելանալու դեպքում ֆինանսավորենք ծննդօգնության ծառայությունները: 1.9 միլիարդ դրամ միայն ծննդօգնության ծառայությունների վրա ունենք դրված: Զարգացնելու ենք ոլորտը այդ ճանապարհով, ոչ թե պարզապես ֆիզիկապես ոչ այդքան պատշաճ հաստատություններ պահելով»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև մի շարք հիվանդանոցների վերանորոգման աշխատանքներին և նոր հիվանդանոցների կառուցմանը՝ սրանով ընդգծելով, որ միտում չկա պարզապես փակել հիվանդանոցները, իրենք փորձում են կանխել ոչ պատշաճ ծառայություններ մատուցող բուժհաստատությւոնների գործունեությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






