ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկումը համարում է բավական արդյունավետ։ Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ, և դրական եմ համարում պարբերաբար մեր աշխատանքային քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ: Այն բոլոր հարցերը, որոնք կուտակվում են, հնարավորություն է լինում քննարկել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչպես ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները, և մեր գործողությունները համադրելի դարձնել այդ առումով, որպեսզի ունենանք առավելագույն արդյունք»,- ասել է Մակունցը:
Խմբակցության ղեկավարը նշել է, որ տարածաշրջանային գործընթացների զարգացման ֆոնին, ոչ թե մտահոգություններ են հնչեցրել երկրի անվտանգության առումով, այլ քննարկել են, թե ինչպես արդյունավետ դիմակայել այդ մարտահրավերներին:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Մակունցը նշել է, որ խմբակցությունը նախատեսում է հանդիպում անցկացնել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






