ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Մոտ երկու ժամ տևած հանդիպման ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ նման հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, վարչապետն էլ գոհ է խորհրդարանի աշխատանքներից։
Սիմոնյանը նշել է, որ Սահմանադրական փոփոխությունների հարցը վարչապետի հետ հանդիպմանը չի քննարկվել, գուցե լինեն այդպիսիք, բայց այս պահի դրությամբ կտրուկ որևէ փոփոխության մասին խոսք չի գնացել, այլ քննարկվել է 2019 թ. տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև 2020 թ. իրենց տեսլականը, հարցեր են հղել վարչապետին, ստացել պատասխաններ:
Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականներին, ԱԺ փոխխոսնակը նշել է, որ չկան այդպիսիք, քանի որ պատգամավորներն ազատ են իրենց գործունեության մեջ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս նշեց, որ նման հանդիպումներն իրենց աշխատանքային օրակարգի մաս են, և այս հանդիպումը համընկավ տարեսկզբի հետ:
«Հանդիպումն առաջիկա տարվա ընթացիկ աշխատանքների համակարգմանն էր վերաբերում: Ունենալու ենք նաև խմբակցության ռազմավարական պլանավորում: Անդրադարձել ենք ամենատարբեր հարցերի, ընդհանուր՝ տարածաշրջանում հարևանների և առհասարակ մյուս երկրների հետ հարաբերություններին, ներքաղաքական հարցերի, առանձին ուղղություններով կենտրոնացել ենք կոնկրետ ոլորտների զարգացման մասին մեր պատկերացումների և հետագա քայլերի վրա»,- հայտնեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






