Պետական հեղաշրջման փորձին չենք անդրադարձել, քանի որ նման հարց չի հնչել և քննարկման առանցքում եղել են 2019 թ. տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև 2020 թ. իրենց տեսլականը։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տեղեկություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի կնոջ և դստեր դեմ, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ որևիցե կերպ չի վերաբերվում այդ խոսակցություններին։
«Իմ օրակարգում նման հարց չկա։ Նման հարցեր օրակարգ բերելը պայմանավորված է քաղաքացիներին հուզող մեծ խնդրի բացակայությամբ»,-ասաց նա:
Հարցին, թե արժանահավատ կամ սպասելի էր, որ Վանեցյանը կհամագործակցի Միքայել Մինասյանի հետ՝ պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով, Ալեն Սիմոնյանը չպատասխանեց։
«Իմ թիմը ՀՀ-ն է, Իմ թիմը Քաղաքացիական պայմանագիրն է»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե մի կողմում իր թիմն է, մյուս կողմում իր ընկեր Վանեցյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






