Հունվարի 18-ին՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով ի հատուկ նիստը: Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա իր ելույթում նշել է, որ ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ ա ջակցությամբ, տեղի ունեցան պատմությունից ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Հայատյացության քաղաքականությունն իր դրսեւորումներն ունեցավ նաեւ 21- րդ դարում :
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը եւ բռնությունները դատապարտվել են Եվրոպական Խորհրդարանի կողմից՝ երեք անգամ :
«Ողջ վերը հիշատակածս, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած եւ հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսեւորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո:
Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»,- նշել է Արարատ Միրզոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






