Հունվարի 18-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին ելույթ է ունեցել նաև ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Իր խոսքում Աշոտ Ղուլյանը կարևորել է նիստը՝ իր օրակարգով, նշանակությամբ, համահայկական կարևորության հարցերում համատեղ դիրքորոշմամբ հանդես գալու և համակարգված քաղաքականություն առաջ մղելու գործնական դրսևորմամբ:
Անդրադառնալով 30 տարի առաջ Բաքվում իրականացված ոճիրին, ԱՀ ԱԺ նախագահը մի պարզ և մարդկային հարց է առաջադրում. ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել: Պատասխանը մեկն է. ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը:
Աշոտ Ղուլյանը նշել է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքները այլ ուղղությամբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով: «Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում: Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղորդված և պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք»,- ասել է Աշոտ Ղուլյանը:
«20-րդ դարավերջին տեղի ունեցած ոճիրը, թեպետ արձանագրվել և դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած ու սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայրենիքի հետ միասին, իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանը ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը:
Ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մենք վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- իր խոսքում ասել է Աշոտ Ղուլյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






